Ապրիլի 8-ին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Վիկտոր Օրբանի գլխավորած կոալիցիան` ստանալով սահմանադրական մեծամասնություն: Ձայների 95% հաշվարկից հետո Ֆիդեսի ու Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիան ստացել է 48,64% ձայն և խորհրդարանի 199 մանդատից 133-ը: Երկրորդը ծայրահեղ աջ «Յոբիկն» է (Շարժում` հանուն լավագույն Հունգարիայի), որ ստացել է 20%, երրորդը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ու «Երկխոսություն հանուն Հունգարիայի» դաշինքն է: Վիկտոր Օրբանը առաջին անգամ վարչապետ ընտրվեց 1998-ին և աշխատեց մեկ ժամկետ: 2010-ին նա նորից վարչապետ դարձավ: 2018-ի ընտրություններում հաղթանակը նրան հնարավորություն է տալիս չորրորդ անգամ գլխավորել կառավարությունը: «Մենք հաղթեցինք: Բարձր մասնակցությունը հաղթանակի բոլոր կասկածները ցրեց»` հայտարարեց նա ընտրության արդյունքները մեկնաբանելիս:
Օրբանը հրաժարվել էր հրապարակային դեբատներից մրցակիցների հետ և անկախ ԶԼՄ-ների հետ շփումներից: Նրա ընտրարշավը հանրահավաքներն էին` իր կողմնակիցների հետ: Ելույթներում Օրբանը հիմնական ուշադրությունը դարձնում էր իր գլխավոր նպատակին` միգրացիայի կրճատմանը: «Միգրացիան նման է ժանգի, որ դանդաղ, բայց հաստատուն ուտում է Հունգարիան»` ասաց Օրբանը վերջին հանրահավաքում: 2015-ին Հունգարիան Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմանին ցանկապատ կառուցեց, որ կանխի անլեգալ միգրանտների մուտքը: Հակամիգրանտական կոշտ հռետորաբանության ու քաղաքականության պատճառով Վիկտոր Օրբանը բազմիցս կոնֆլիկտներ է ունեցել ԵՄ-ի հետ: Նա հայտնի եվրասկեպտիկ է և դեմ է ԵՄ-ին հետագա ինտեգրմանը: Оրբանի գլխավորությամբ Հունգարիան հրաժարվեց փախստականների վերաբնակեցման ԵՄ-ի ծրագրից: Նա գովաբանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: Հաղթանակի դեպքում Օրբանը խոստանում էր կրճատել եկամտահարկը և մեծացնել տնտեսական աճը: Նրա կառավարման տարիներին Հունգարիայում արագ տնտեսական աճ է գրանցվել, որ, Օրբանի կարծիքով` կվտանգվի, եթե իշխանության գա ընդդիմությունը:
Ծայրահեղ աջ «Յոբիկը» իշխող կոալիցիայի հիմնական մրցակիցն է և նախկինում քարոզում էր Հունգարիայի գնչուական համայնքի դեմ: «Յոբիկի» նախագահ Գաբոր Վոնան փորձեց փոխել կուսակցության իմիջը` դարձնելով չափավոր, պահպանողական, ժողովրդական կուսակցություն: Նա կառավարության մեջ փոփոխությունների կոչ էր անում ու դեմ էր Օրբանի վարչապետությանը:
«Վիկտոր Օրբանը ավարտված քաղաքական գործիչ է, նրան հետաքրքրում են միայն կոռուպցիան ու ֆուտբոլը»` ասել է Վոնան:
Ապրիլի 11-ին նախագահական ընտրություններ են Ադրբեջանում: Արտահերթ: Հերթական ընտրությունները պիտի լինեին հոկտեմբերին, բայց Իլհամ Ալիևը ապրիլը դարձրեց վերընտրության ժամանակ: Նախագահի 8 թեկնածուներ կան, ընդդիմությունը ընտրությունները բոյկոտել է: Որևէ կասկած չկա, որ Իլհամ Ալիևը կվերընտրվի, այս անգամ` 7 տարով: Թեպետ իշխանությունները ընտրությունների ժամկետի փոփոխությունը բացատրեցին միջազգային միջոցառումների հետ համընկնումից խուսափելու և առավել արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու ցանկությամբ, փորձագետները կապում են արտաքին քաղաքականության հետ: Ադրբեջանցի վերլուծաբան Արզու Նագիևը գտնում է, որ ընտրողների վստահության նոր քվեն Ալիևին հնարավորություն կտա առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում: Առաջընթացի աջակցության ամերիկաադրբեջանական հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինը գտնում է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրման պայմաններում որոշ ուժեր կարող էին ջանալ աշնանը ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում` թուլացնելու համար Մոսկվայի դաշնակցի դիրքերը. «Կգտնվեն ապակառուցողական ուժեր, որ տիտանական ջանքեր կգործադրեն Ադրբեջանի քաղաքական իրավիճակը ճոճելու համար: Դա պիտի տեղի ունենար ընդհանուր հետխորհրդային տարածքի ապակայունացման ենթատեքստում, որ այսօր արդեն ձեռնարկել է Արևմուտքը: 7 ամիսը լիովին բավարար էր ամենազանգվածային գաղափարախոսական դիվերսիայի համար ընդդեմ Ալիևի»: Ընդդիմադիր կուսակցությունները իշխանությունների փաստարկները հիմնավոր չհամարեցին և հայտարարեցին, որ ընտրությունների ժամկետը փոխվում է, որ իրենք չհասցնեն լիարժեք նախապատրաստվել: «Ազգային խորհուրդը», «ժողովրդական ճակատը» և «Մուսավաթը» բոյկոտեցին ընտրությունները ու սկսեցին բողոքի ակցիաներ: Հանրահավաքները արտոնված էին ու սովորաբար 1000-1500 մարդ էր մասնակցում:
Քվեաթերթիկներում Իլհամ Ալիևից բացի կլինեն 7 անուններ` Հուդրաթ Հասանգուլիև, Արազ Ալիզադե, Ֆարաջ Ղուլիև, Ռազի Նուրուլաև, Հաֆիզ Հաջիև, Զախիդ Օրուջ, Սարդար Մամեդով: Նախընտրական քարոզարշավում միայն Մամեդովն ու Հաջիևն էին մի թեթև քննադատում իշխանությանը` սոցիալական քաղաքականության համար ու կոռուպցիայի: Մյուսները, որ մշտապես մասնակցում են ընտրություններին, իրենց աջակցությունն էին հայտնում Ալիևին ու նրանից մեջբերումներ անում: Սոցհարցումներով Ալիևին աջակցում է ընտրողների 84%-ը: Հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կլինեն 2025-ին: Այսօր Ադրբեջանում աշխատանքային օր չէ և ժամը 8-ից բացվել են 5641 ընտրատեղամասեր, ևս 41 ընտրատեղամաս է բացվել երկրից դուրս: ԿԸՀ-ի տվյալներով` 5 միլիոն ընտրող կա: ԿԸՀ-ն հայտարարել է, որ 900 միջազգային դիտորդներ են գրանցվել, տեղական դիտորդները` 58 000 են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մի քանի օրվա տարբերությամբ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում չորրորդ անգամ իշխանության է գալիս վարչապետ Վիկտոր Օրբանը, Ադրբեջանում նախագահական ընտություններով` չորրորդ անգամ Իլհամ Ալիևը: ԵՄ անդամ Հունգարիայում ու բռնապետական Ադրբեջանում վերարտադրվում է իշխանությունը: Երկու պետությունների հետ էլ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, Բաքուն ու Բուդապեշտը Հայաստանի համար իրար կապվում են Ռամիլ Սաֆարովի գործով: 2004-ին նա սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով դասընթացի ժամանակ: 2006-ին նրան Բուդապեշտում դատապարտեցին ցմահ ազատազրկման, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Օրբանը Սաֆարովին արտահանձնեց Բաքվին:
Հայրենիքում նա հռչակվեց ազգային հերոս: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Սաֆարովին Բաքվին վաճառած Բուդապեշտի հետ: Միջազգային կազմակերպությունները դատապարտեցին Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, Ալիևը նրանց մեղադրանքները անվանեց անհիմն: Գտեք 10 տարբերություն Օրբանի ու Ալիևի միջև: Ոչ միայն Հայաստանի համար: